Molorak /Planet
Daily Digest
Հարցուպատասխան
www.nikolpashinyan.com ինտերնետային կայքում շարունակվում է կայքի այցելուների եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հարցուպատասխանը: Ստորեւ ներկայացնում ենք Տրդատի հարցը եւ Նիկոլի պատասխանը.
ՀԱՐՑ ՏՐԴԱՏԻՑ - Նիկոլ, չե՞ք կարծում, որ Հայաստանում իրական իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը, որի մի մասն ենք կազմում նաեւ ես եւ Դուք, հոգեպես պատրաստ կլինի դրան: Այսինքն, իր համար իշխանափոխությունը, հեղափոխությունը կծառայեն իր երազի երկիր Հայաստանի ստեղծմանը: Արդյո՞ք մեր ժողովուրդը ցանկանում է, որ իսկապես այն վայրենի բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է մեզանում, վերանա: Այո, մեզանում, ոչ միայն իշխանությունների ներսում: Միայն իշխանությունը փոխելով չէ, որ երկիրը առաջ կընթանա, դրա համար պետք է որ իր հիմնական ռեսուրսը` ժողովուրդը, ցանկանա հարատեւ հոգեւոր բարիքներ: Ժողովուրդը պետք է իշխանությանը ստիպի փոխվել: Չէ՞ որ նույն ընտրակեղծարարները մեր ժողովրդի մի մասն են, ասել է թե` մեզանից մեկը, չէ՞ որ օլիգարխը եւ նախարարը մեզանից մեկն են:
ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ - Սիրելի Տրդատ. Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծության մի արտահայտություն հսկայական ազդեցություն է գործել իմ քաղաքական եւ քաղաքացիական գիտակցության վրա: Նկարագրելով մահվան տեսիլը կամ, ավելի ճիշտ, մահաշունչ իրականությունը, Չարենցը հնչեցնում է հարցերի հարցը. «Եվ արդյոք ո՞վ է երազել այսքան դաժան»: Անհասանելի խորք ունեցող այս նախադասությունը մեզ բերում-կանգնեցնում է այն գիտակցության առաջ, որ ցանկացած իրականություն ինչ-որ մեկի, կամ ավելի ճիշտ` մարդկանց երազանքի արգասիքն է: Նաեւ այսօրվա Հայաստանը: Այս արձանագրումը, սակայն, նոր հարցեր է առաջացնում եւ մեզ պարտադրում է պատասխանել շատ ուղիղ մի հարցի. մի՞թե մեր, այսինքն` ՀՀ քաղաքացիների երազանքներն այնքան պիղծ են, որ մենք ունենք այսպիսի պիղծ իրականություն: Դրական պատասխան տալու գայթակղությունը շատ մեծ է: Բավական է մի էքսպերիմենտ անել, մի ամբողջ օր հետեւել միջին վիճակագրական հայաստանցուն, լսել, թե նա ինչի շուրջ է խոսում իր ընտանիքում, աշխատավայրում, շրջապատում, արձանագրել, թե նա ում հետ է շփվում եւ ինչ նպատակներով, եւ այդ մի օրվա ընթացքում հավաքած ինֆորմացիայի հիման վրա կարելի է մոդելավորել մեր իրականությունը, այսինքն` տրամաբանական եւ ֆունկցիոնալ կապեր տեսնել միջին վիճակագրական հայաստանցու գործողությունների, նրա գլխում ապրող մտքերի եւ այսօր հաստատված իրականության միջեւ: Այսօրվա Հայաստանը, այո, մեր հավաքական երազանքի արգասիքն է, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրն ապրում է դիմացինին ծնկի բերելու մոլուցքով: Խոսքս ամենեւին քաղաքականության մասին չէ, այլ առօրյա կյանքի: Եվ այս տրամաբանությամբ առաջնորդվում է ամենավերջին թշվառից մինչեւ ամենավերջին օլիգարխը: Նայած` ում ատամը ո՛ւմ կբռնի ծամելու համար: Հայաստանում այսօր լկտիության, բոզության, շնության, անբարոյականության, բռնության մրցավազք է փոթորկվում, եւ երկրում էլիտա է համարվում այս ասպարեզում առավել մեծ հաջողությունների հասած խավը: Էս խավն էլ, արդեն, երազանք է պարտադրում զանգվածին: Ասենք, եթե հեռուստատեսությամբ մեծագույն հաջողություններ է արձանագրում հնարավորինս մեծ թվով պաշտոնյա-օլիգարխների սեռական բնույթի ծառայություններ մատուցած երգչուհին, կամ հաղորդավարուհին, նրա օրինակը դառնում է հաջողության բանաձեւ, ու եթե այդ բանաձեւը սկսում է գործել էլի մեկ-երկուսի դեպքում, դա արդեն սկսում է դառնալ երազանք: Նույնը վերաբերում է նաեւ օլիգարխների, պաշտոնյաների, դեպուտատների, ընդհուպ` հոգեւոր իշխանության «հաջողության» բանաձեւերին: Յուրաքանչյուր դեպք, իհարկե, ունի իր առանձնահատկությունը: Բայց հիմա ի՞նչ. մի՞թե ես կարծում եմ, որ մեր ողջ հանրությունը տրվել է այս բանաձեւին: Քավ լիցի, ոչ ամենեւին: Անբարոյականության այս հաղթարշավը սեփական աչքերով տեսնող, բայց այդպես ապրելու տարբերակը մերժող խավն, իր առաջ ապրելու եւ գործելու դաշտ չտեսնելով, ներփակվում է իր մեջ, չուզենալով մասնակցել այդ մեծ պղծությանը` մեկուսանում է, հուսահատվում: Իսկ հուսահատության ամենամեծ հետեւանքն այն է, որ այդ վիճակում հայտնված մարդը դադարում է երազել: Եւ արդյունքում, երբ հանրության ստվար զանգվածը դադարում է երազել, տիրապետող է դառնում պոռնկաբարո երազանքը, որովհետեւ այն չի ունենում որեւէ հակակշիռ կամ բավարար չափով ծանր հակակշիռ:
Սիրելի Տրդատ, երբ մենք սկսում էինք մեր Շարժումը, մեր ամենամեծ նպատակը հենց դա էր. մարդկանց օգնել, դրդել, աջակցել, որ նրանք սկսեն երազել, երազել Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մասին: Մեր խնդիրը նաեւ օգնելն էր` ստիպել պոռնկաբարո երազանքներին տրվածներին, որ փոխեն իրենց երազանքը եւ սկսեն երազել Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մասին: Այս ճանապարհին մենք մեծ հաջողություններ գրանցեցինք: Բայց երազանքը շատ խոցելի է, եւ այն հեշտ է ցրել: Մարտի 1-ը հենց այդ երազանքի դեմ էր ուղղված, պոռնկաբարո իշխանությունը Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մեր երազանքն էր ուզում սպանել: Ճիշտ է` ավազակապետությունը կարողացավ բազմաթիվ մարդկանց վերադարձնել հուսահատության վիճակին, բայց երազանքը սպանել չկարողացավ, եւ այն ապրում է մեր մեջ, բազմաթիվ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների գիտակցության մեջ, ովքեր պղծված չեն կարիերիզմի եւ փառամոլության ախտով:
Սիրելի Տրդատ, կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ այդ երազանքը մենք չենք զիջի եւ դրանով կապրենք այնքան ժամանակ, մինչեւ այն չդառնա բավարար թվով ՀՀ քաղաքացիների սեփականը, մինչեւ չհամոզվենք, որ ՀՀ քաղաքացին այդ երազանքը չի զիջի որեւէ մեկի` թեկուզ սեփական կյանքի գնով: Լավագույն մաղթանքներս, սիրելի Տրդատ:
Նիկոլ Փաշինյան - Հուլիս 23, 2010
Փողե՛րս տուր
ՏնտեսությունՈ՞ւր են գնում ավանդները
ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում տեղադրված վիճակագրական տվյալներում կա մի ցուցանիշ, որը աննախադեպ վարքագիծ է դրսեւորել:
Խնդիրն այն է, որ այս տարվա ապրիլ եւ մայիս ամիսներին առեւտրային բանկերում կտրուկ նվազել են ավանդների ծավալները: Եթե մարտին, ըստ հրապարակված վիճակագրության, արտարժութային եւ դրամական ավանդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 568 միլիարդ դրամ, ապա ապրիլին այն եղել է 546,6 միլիարդ դրամ, իսկ մայիսին` 525,6 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած, ընդամենը երկու ամսվա ընթացքում ավանդների ծավալը նվազել է 43 միլիարդ դրամով, կամ մոտ 8 տոկոսով: Սա աննախադեպ է: Նման բան Հայաստանում չի եղել առնվազն վերջին 10 տարիներին: Համենայնդեպս, այն ժամանակվանից, երբ այդ վիճակագրությունը սկսեց հրապարակվել ԿԲ կայքէջում:
Դրանում համոզվելու համար ընդամենը նայենք գծապատկերում ներկայացված կորերը: Հոծ գծով բերված է ընդհանուր ավանդների ծավալի փոփոխությունը 2000 թվականից սկսած: Կետագծերով ներկայացված է արտարժութային ավանդների ծավալների փոփոխությունը այդ ժամանակահատվածում, իսկ մոխրագույնով` դրամական ավանդները: Ինչպես տեսնում ենք, անցած 10 տարիներին ավանդները անշեղորեն աճել են` մերթընդմերթ, տարբեր գործոնների ազդեցության տակ աննշան անկումներ արձանագրելով: Բայց այնպիսի անկում, ինչպիսին արձանագրվել է այս տարվա ապրիլ եւ մայիս ամիսներին, դեռ չէր եղել: Եւ ուրեմն, ինչո՞վ է սա պայմանավորված: ՀՀ կենտրոնական բանկին ուղղված այս հարցին ի պատասխան` երեկ ստացել ենք մեկնաբանություն, ըստ որի` ընդհանուր նվազումը պայմանավորված է արտարժութային ավանդների նվազմամբ, իսկ դրամական ավանդները, թեկուզ քիչ, բայց աճել են: Ըստ ԿԲ տրամադրած տվյալների, մարտի 31-ին արտարժութային ավանդների ծավալը կազմել է 534,4 մլրդ դրամ, իսկ մայիսի 31-ին` 474,8 մլրդ դրամ: Այսինքն, արտարժութային ավանդները նվազել են 59,6 միլիարդ դրամով, կամ ավելի քան 12 տոկոսով: Իսկ ծավալների նվազման պատճառները ԿԲ-ն բացատրում է հետեւյալ կերպ. «2010թ. ապրիլ եւ մարտ ամիսներին արտարժութային ավանդների նվազումը, ապա ավանդների որոշակի նվազումը տեղի է ունեցել հիմնականում ի հաշիվ իրավաբանական անձանց ցպահանջ միջոցների նվազման... Ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում արտարժութային ավանդների իրական (արտարժութային արտահայտությամբ) 6,1% նվազումը ոչ մի բացասական միտում չի պարունակում, կրում է սեզոնային բնույթ, եւ որոշակի պատճառահետեւանքային արդյունք է նաեւ 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ավանդների կտրուկ` 40% աճի: .... Հաշվի առնելով, որ ավանդների նվազումը հիմնականում իրավաբանական անձանց ցպահանջ միջոցների հաշվին է (որը ուղղվել է բիզնես), ենթադրվում է, որ տնտեսության ընդհանուր զարգացման տեսանկյունից սա առողջ զարգացում է»: Այսինքն, ըստ ԿԲ-ի, ճգնաժամի պայմաններում իրավաբանական անձինք, այսինքն` ձեռնարկությունները, փողը չեն ներդրել բիզնեսի մեջ` համարելով դա ռիսկային, եւ այդ գումարները պահել են բանկերում, որպես ավանդ` համարելով դա ավելի հուսալի: Իսկ հիմա, երբ ճգնաժամն արդեն հաղթահարվել է, ձեռնարկություններն այդ գումարները հետ են վերցրել բանկերից եւ կրկին ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը:
Բացատրությունն, անշուշտ, տրամաբանական է: Բայց արդյո՞ք դա ներկայացնում է իրական պատկերը: «Ենթադրվում է, որ տնտեսության ընդհանուր զարգացման տեսանկյունից սա առողջ զարգացում է»,- մեկնաբանում է ԿԲ-ն: Եթե փողերը հանել ու ներդրել են բիզնեսի մեջ, ապա դա ոչ թե «ենթադրվում» է, որ առողջ զարգացում է, այլ հաստատ առողջ զարգացում է: Ինչո՞ւ է ՀՀ կենտրոնական բանկը ենթադրություններով խոսում այդ մասին: Եւ հետո, որտեղի՞ց է ԿԲ-ին հայտնի, որ այդ գումարները հաստատ ուղղվել են բիզնես: Ինչո՞ւ ԿԲ-ն չի ենթադրում, որ այդ գումարներն իրավաբանական անձինք ներդրել են ոչ թե բիզնեսի մեջ, այլ հանել են երկրից եւ ներդրել այլ երկրներում ունեցած իրենց բիզնեսի մեջ` չնայած հարկ է նկատել, որ ԿԲ-ն չի մասնավորեցնում երկիրը: Այսինքն, եթե պարզվի, որ այդ գումարները դուրս են եկել Հայաստանից, ապա ԿԲ-ի այս պատասխանը չի հակասի դրան` դրվել են բիզնեսի մեջ, բայց ոչ Հայաստանում: Ինչո՞ւ ենք հատկապես նշում այդ գումարները Հայաստանից դուրս բերված լինելու հավանականությունը: Դեռ ապրիլ-մայիս ամիսներին, երբ այս վիճակագրությունը հրապարակված չէր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մի քանի անգամ ահազանգեց, որ կապիտալի խոշոր արտահոսք է տեղի ունենում Հայաստանից: Եւ երեկ էլ մեր հարցին, թե ինչո՞ւ են նվազում ավանդները, Հրանտ Բագրատյանը կրկին կարծիք հայտնեց, որ դա կապիտալի արտահոսքի դրսեւորում է: «Այս պահին չեմ կարող ամբողջական վերլուծել, թե ինչով է պայմանավորված ավանդների նվազումը, բայց կարծում եմ, որ դա կապիտալի արտահոսքի հետեւանք է»,- մեր հետ հեռախոսազրույցում ասաց Բագրատյանը: Համադրելով տնտեսությունը բնութագրող բազմաթիվ ցուցանիշներ` կարելի պնդել, որ այդ գումարները բիզնեսի մեջ ներդնելու մասին ԿԲ-ի պնդումները առնվազն վիճարկելի են, բայց դրան կանդրադառնանք առաջիկայում:
Հայկ Գեւորգյան - Հուլիս 23, 2010
Advertisements and Contact: molorak@molorak.com