MOLORAK / PLANET
Daily Digest
Լուրեր
Վարչական դատարանը մերժեց 7000 սպառողների դիմումը
Հայաստանի Վարչական դատարանն այսօր մերժեց ավելի քան 7000 սպառողների դիմումը` գազի սակագների բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին:
Սպառողները դատարան էին դիմել Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ: Հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու է վճռաբեկության կարգով, թեեւ հույս չունի թե Վճռաբեկ դատարանը կվերանայի այսօրվա որոշման օրինականությունը։
«Ուղղակի ընթացակարգ է` պետք է անցնենք հետագայում Եվրոպական դատարան դիմելու համար», - պարզաբանեց փաստաբանը։
Դատարանի որոշման հրապարակմանը ներկա չէին ոչ սպառողները, ոչ այս գործով պատասխանող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը, ոչ էլ երրորդ անձ հանդիսացող «ՀայՌուսգազարդ»-ը:
Վարչական դատարանը գազի սակագների բարձրացման վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու դիմումը քննել էր գրավոր ընթացակարգով, ինչը հարուցել էր հայցվոր կողմի դժգոհությունը։
Փաստաբան Վահե Հովսեփյանի համոզմամբ, «կային հանգամանքներ, որոնք կարող էին պարզվել միայն գործի բանավոր ընթացակարգով քննության դեպքում»:
Լուրեր
Վարչապետ Պուտինը երգել է արտաքսված գործակալների հետ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Միացյալ Նահանգներից այս ամիս մեծ աղմուկով արտաքսված ռուս գործակալների հետ։
Գործակալների արտաքսման հետ կապված այս միջադեպը Սառը պատերազմի տարիներից ի վեր ամենամեծ լրտեսական սկանդալն էր ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում։
Ուկրաինայում լրագրողների հետ հանդիպմանը Պուտինը ասել է, որ հանդիպմանը գործակալների հետ երգել է «ԿԳԲ»-ի ոչ-պաշտոնական հիմնը։
«Մենք երգեցինք «Ինչից է սկսվում հայրենիքը» երգը եւ այդ կարգի այլ երգեր», - ասել է Պուտինը՝ գովեստի խոսքեր շռայլելով բացահայտված գործակալների հասցեին եւ հայտարարելով, որ նրանք բացահայտվել են «դավաճանության» պատճառով
Իրանը կարող է բանակցել Եվրամիության հետ միջուկային ծրագրի շուրջ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ռամադանի տոների վերջին՝ սեպտեմբերին, հնարավոր է, որ Թեհրանը բանակցի Եվրամիության հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Այսօր Թեհրանը պատրաստվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ներկայացնել մայիսին Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի միջեւ կնքված համաձայնագրի մանրամասները։ Հիշյալ համաձայնագրով Թեհրանը համաձայնել էր իր ուրանը հարստացնել Թուրքիայում։
Արդեն ավելի քան կես տարի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը առաջարկում է Թեհրանին իր տրամադրության տակ եղած ողջ ուրանը հարստացնել երրորդ երկրի տարածքում։
Պաշտոնական Թեհրանը մերժում էր առաջարկը՝ պնդելով, որ ցանկանում է իր տարածքում ուրան հարստացնել։
Լուրեր
«Եթե Կոսովոյի անկախության ճանաչումը Հաագայի դատարանի կողմից նպաստի ԼՂՀ–ի միջազգային ճանաչմանը, ապա մենք միայն կողջունենք այդ որոշումը», - ուրբաթ երեկոյան հանդիպելով լրագրողների հետ՝ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:
Բակո Սահակյանը Հաագայի դատարանի որոշումը գնահատեց որպես «կարեւոր իրադարձություն», որը, ըստ նրա, քաղաքական նոր իրավիճակ է ստեղծում:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որը պիտի լինի ԼՂ-ի կողմից փոխզիջումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում՝ նախագահ Բակո Սահակյանը արձագանքեց, որ այդ հարցին կպատասխանի բանակցություններին լիիրավ մասնակցելու դեպքում։
«Հարցը պիտի կարգավորվի փոխզիջմամբ, եւ այդ մասին խոսվում է այս տարիների ընթացքում։ Ուղղակի տարբեր են այդ փոխզիջման մոտեցումները: Հայկական կողմը այդ փոխզիջումները պատկերացնում է այլ կերպ, ադրբեջանական կողմը ` այլ կերպ», - ասաց Բակո Սահակյանը՝ ընդգծելով. - «Մենք ԼՂՀ–ի վերջնական կարգավիճակը չենք դիտում նախկին ԼՂԻՄ տարածքների շրջանակներում: Մնացածը մենք կներկայացնենք բանակցություններին մասնակցելու դեպքում»:
Նախագահ Սահակյանը հավաստիացրեց, որ Ղարաբաղի դիրքորոշումն այս տարիների ընթացքում չի փոխվել. - «Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն կարող լինել»:
Advertisements and Contact: molorak@molorak.com